ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

1918թ․ մայիսին, ավելի քան 500-ամյա ընդմիջումից հետո, կրկին վերականգնվեց հայոց անկախ պետականությունը։

1918 թվականից մինչեւ մեր օրեր ընկած ժամանակաշրջանում Հայաստանը երեք հանրապետություն է ունեցել․ Հայաստանի առաջին հանրապետությունը 1918-2-1920թթ․, Խորհրդային Հայաստանը 1920-1991թթ․ եւ 1991թվականից սկսած, Հայաստանի Հանրապետությունը։

1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո սկսվեց իշխանության մարմինների ստեղծումը։ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրն է նշանավոր պետական գործիչ Արամ Մանուկյանը։

Հանրապետությունն ուներ իր պետական խորհրդանիշները։ 1918 թ․ Հայաստանի ազգային դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն հորիզոնական շերտերով։ 1920 թ․ հուլիսին կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որի հեղինակներ էին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Օհներգ դարձավ Միքայել Նալբանդյանի խոսքերով ստեղծված Մեր հայրենիք երգը։

Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ երկուկես տարի։ Հայտնվելով ծանր իրավիճակում՝ 1920թ․ դեկտեմբերի 2-ին Հայաստանի առաջին հանրապետության վերջին կառավարությունն իշխանությունը կամովի հանձնեց Հայաստանի հեղափոխական կոմիտեին։ Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։

Խորհրդային Հայաստանը գոյություն ունեցավ շուրջ 70 տարի։ Այդ ընթացքում հանրապետությունն ուներ իր սահմանադրությունը, դրոշը, զինանշանը, օրհներգը եւ պետական այլ խորհրդանիշներ։ Սակայն Հայաստանը անկախ պետություն չուներ։ Երկրի կյանքին վերաբերող բոլոր կարեւորագույն հարցերը լուծվում էին Մոսվայում։

1988 թվականի փետրվարին Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում սկիզբ առավ համաժողովրդական պայքար Արցախի ազատության համար։

Խորհրդային Միության ղեկավարությունը ձգտում էր ճնշել շարժումը, որն ի վերջո դարձավ պայքար նաեւ Հայաստանի անկախության համար։ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեով Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը։

Անկախության տարիների ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը ազգային բանակի ստեղծումն էր։ Ուժեղ ու մարտունակ բանակը հայրենիքի սահմանների անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավորն է։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Հայոց պետականությունը խորհրդանշող ինչ կառույցներ կան Երեւանում։ Փորձիր ինքդ լուսանկարել հայոց պետականության խորհրդանիշ կառույցները։

Կառավարության շենքը, Ազգային ժողովի շենքը, նախագահական կամ վարչապետի նստարանը, Սահմանադրական դատարանի շենքը։